Ճիշտն ասած, իմ սպասելիքներն շատ ավելի մեծ էին, բայց վերջնական խոսքը ժողովրդին է պատկանում. Պետք է բավարարվենք ժողովրդի տվածով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի համայնքապետի ՔՊ թեկնածու Դավիթ Ղուլունցի օգնական Արամ Միրզոյանը:

Նշենք, որ նախօրեին կայացած ընտրություններում հաղթել է հենց Ղուլունցը՝ ստանալով 1530 ձայն:

Անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, ըստ որի Տեղ համայնքում ընտրություններին մարդկանց են բերել քվեարկության, ուղղորդել են, նրանց ձեռքին գումար է եղել, Արամ Միրզոյանն ասաց. «Ամբողջ անձնակազմի, այդքան մարդու համար խորոված, ուտելիք, հյութ են պատվիրել: Բնականաբար այդ մատուցված ծառայության համար իրեն փողը պետք է տալ: Խոսքն այդ դրվագի մասին է: Միգուցե ով ամենաշատն է կերել այդ քյաբաբից, կամ ամենաքիչն է կերել, նեղված է մնացել ու ինքն է նկարել, գցել մամուլ: Ինչ վերաբերում է տանել-բերելու, կոնկրետ ես եմ ամեն ինչ համակարգել: Շտաբի պետը ես եմ, բայց ես որեւէ մեկին չեմ հրահանգավորել, որ մեկին դնեն ավտոյի մեջ եւ ուղղորդեն: Օրինակ, իմ ծնողները ոտքով են եկել, ես էնտեղ չեմ եղել: Բոլորն էլ ավտո ունեն գյուղում: Ես չէի ասի, որ համակարգված տեղափոխություններ են եղել: Այդպիսի մարդ չի եղել, որ գնա մեկին ուղղորդի, ասի՝ կլինի՞ դու իմ ավտոն նստես, ես տանեմ ընտրության, որ էսինչ մարդուն ընտրես»:

Արամ Միրզոյանը տեղեկացրեց, որ Դավիթ Ղուլունցը արդեն կամաց-կամաց ապաքինվում է եւ շուտով կարող է դուրս գրվել հիվանդանոցից. «Ահավոր մրսած է եղել»:

Անդրադառնալով հետընտրական իրավիճակին, նա ասաց. «Ընտրությունների օրվա երեկոյան, երբ ավարտեցինք, շամպայնը իմ ձեռքով բերել եմ, էնտեղ ընդդիմադիր ներկայացուցիչներ էլ են եղել: Ասել եմ՝ ժողովուրդ, վաղվանից մենք նորից նույնն գյուղում պետք է ապրենք, մեկս մյուսի թաղմանը գնանք, դագաղից բռնենք, հիվանդությանը կողքին լինենք, միմյանց մեջքին կանգնենք: Ինձ համար ես մի թշնամի ունեմ, դա թուրքն է: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, քննարկել առաջարկները եւ ընդունել: Թեկուզ կադրային հարցում, եթե խելոք մարդ ունեն իրենց թիմում, մենք ոչ մի խնդիր չունենք, ուրախ կլինենք»: