Առանձնահատուկ կարևորելով բնական ռեսուրսների խնայողաբար օգտագործելու խնդիրը`  Երևանի կոնյակի գործարանը ավարտեց, ամռանը մեկնարկած, մայրաքաղաքի ցայտաղբյուրների փականներով կահավորման աշխատանքները։ 

Կատարված ուսումնասիրության համաձայն` փականներով կահավորված յուրաքանչյուր ցայտաղբյուրի մասով ջրի օգտագործումը միջինում նվազել է շուրջ 10 անգամ, որի արդյունքում 250 ցայտաղբյուրների մասով ջրի ամսական ընդհանուր տնտեսումը գերազանցում է 23 միլիոն լիտրը: Հաշվի առնելով ջրի նման աննպատակ կորուստները, որոնք արձանագրվում են անդադար հոսող ցայտաղբյուրներից, որոշվեց կատարել հարյուրավոր ցայտաղբյուրների վրա նոր փականների տեղադրում, որոնք կկառավարվեն կոճակի սեղմումով: 

Բնապահպանական կայունությունն ու պատասխանատվությունը շրջակա միջավայրի նկատմամբ այն կարևոր արժեքներից է, որին «Պեռնո Ռիկար» ընկերությունը դավանում է հիմնադրման առաջին իսկ օրվանից։ Ավելին, համաշխարհային օվկիանոսի նկատմամբ ուշադրությունն ու հոգատարությունը դեռևս 1966 թվականին արտացոլվեց «Պեռնո Ռիկար» խմբի հիմնադիր Պոլ Ռիկարի կողմից ստեղծված Օվկիանոսագիտության ինստիտուտի լայնածավալ գործունեության մեջ։ Ուստի խորհրդանշական է, որ լինելով «Պեռնո Ռիկար» խմբի անդամ, Երևանի կոնյակի գործարանը իրականացրեց բնապահպանական այս ծրագիրը ի նշանավորումն ինստիտուտի 55-ամյա հոբելյանի և յուրօրինակ հարգանքի տուրք մատուցեց բնապահպանական աշխատանքի բոլոր այն նվիրյալներին, որոնք դեռևս տասնամյակներ առաջ իրենց համարձակությամբ և առաջադիմական մտածելակերպով ձևավորել և հանրության շրջանում սերմանել են բնապահպանական օրակարգ։ 

Նոր փականներով ցայտաղբյուրները տեղակայված են Երևանի տարբեր համայնքներում: Չի իրականացվել միայն մշակութային արժեք ներկայացնող ցայտաղբյուրների ձևափոխումը` պահպանելու համար Երևանի այն դիմագիծը, որը կերտել են ցայտաղբյուրներն իրենց ներկայությամբ։