Գորիսում ընտրությունների արդյունքներն արտացոլեցին բնակիչների արձագանքը անվտանգության ոլորտում իշխանության քաղաքականությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով ՏԻՄ ընտրությունները Գորիս խոշորացված համայնքում։

Նա նշեց, որ Գորիսը եւ մոտակա բնակավայրերը, որոնք իրենց վրա զգում են ադրբեջանական ագրեսիայի բոլոր հետեւանքները, չեն կարող բավարարվել իշխանության խոստումներով կամ գործողություններով, որոնք , ըստ էության, բացակայում են։

Նրա խոսքով՝ նոր ագրեսիան սպառնում է ոչ միայն Սյունիքի, այլ նաեւ Մեղրիի, Ագարակի, Գորիսի, Կապանի կամ ԼՂ տարբեր բնակավայրերի բնակիչներին։ «Այդ վտանգը սպառնում է ամբողջ երկրին։ Եվ որքան էլ թվա, թե սահմանը գտնվում է 10, 20,50 կամ 100 կմ հեռավորության վրա, տվյալ հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ թշնամու համար, հատկապես՝ ժամանակակից պայմաններում»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ Գորիսում, նախնական տվյալներով, 18 ընտրատեղամասերից 15-ում հաղթել է «Հայաստան» դաշինքից թեկնածու Առուշ Առուշանյանը։ Նրա օգտին քվեարկել է 4867 ընտրող, իսկ ՔՊ-ից թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին՝ 2643-ը։ Նշենք նաեւ, որ այս պահին Առուշ Առուշանյանը գտնվում է կալանքի տակ։