ՀՀ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը նոր հնարավորություններ է ստեղծել ՌԴ-ից ընկերությունների համար ։ Այս մասին ռուս-հայկական 8-րդ միջտարածաշրջանային ֆորումի ժամանակա ասաց ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

 «Երբ Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման արգելք մտցվեց, ռուսաստանյան ընկերությունների համար հայտնվեց շանս իրենց արտադրանքով շուկա դուրս գալու համար: Կարծում եմ, որ ռուսական արտադրանքը գովազդի կարիք չունի»,-ասաց նա:

Դոնչենկոն հիշեցրեց, որ 2021թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն արդեն գերազանցել է 1,5 մլրդ դոլարը՝ աճելով մոտ 12%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,-խմբ.):

«Ռուսական արտահանումը Հայաստան ավելացել է 4%-ով, հայկականը ՝ Ռուսաստան՝ գրեթե 31%-ով»,-ավելացրեց նա:

Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչը նաեւ հայտնեց, որ դեղագործական արդյունաբերությունը Հայաստանում գրանցել է 27% աճ։ Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցության կապակցությամբ Հայաստանը 2021 թվականի հունվարի 1-ից էմբարգո էր սահմանել թուրքական ապրանքների ներմուծման վրա: Հունիսին վեցամսյա արգելքը երկարաձգվեց նույն ժամանակահատվածով: