Ես խիստ գործունյա մարդ եմ, առարկայական եմ դիտում ամեն ինչ, մինչեւ ԿԸՀ-ն չհաստատի ընտրության արդյունքները, հնարավոր կոալիցիաների մասին խոսելը ես ճիշտ չեմ համարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրի ՏԻՄ ընտրություններում 10 տոկոս ստացած «Զարթոնք» կուսակցության համյնքապետի թեկնածու Վարդեւան Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրենք կոալիցիա կկազմեն ընտրություներում հաղթած «Բալասանյան» դաշինքի հետ:

«Երբ կլինեն վերջնական արդյունքները, այդ ժամանակ կորոշենք՝ նախ կոալիցիայի կգնա՞նք, թե չենք գնա: Կամ եթե գնանք, ի՞նչ ձեւաչափով: Բնականաբար, այսպես միանգամից չես կարող որոշել ու անել: Թիմ կա, այն պետք է համապատասխանի բոլորիս խիստ ծրագրային որոշակի դրույթներին»,-ասաց նա:

Նշենք, որ Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն «Բալասանյան» դաշինքը ստացել է  ձայների 36․58 տոկոսը,  ՔՊ-ն 29.56 տոկոս, «Զարթոնք» կուսակցությունը՝ 10․60 տոկոս, «Ապրելու երկիրը»՝ 5:65, իսկ ՀՀԿ-ն 5․06 տոկոս։