Շատ ուրախ եմ, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիրների դիրքերը բարելավվում են: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սյւոնիքի մարզի Տաթեւ համայնքում ՏԻՄ ընտրություններում  «Շանթ» դաշինքի նախագահ Շահեն Հարությունյանը:

«Տաթեւում թվային առավելություն ունի ՔՊ-ի ներկայացուցիչը, բայց այստեղ մի նրբություն կա, ՔՊ-ն չի հաղթել, 49 տոկոս է հավաքել, մենք հավաքել ենք 37 տոկոս եւ մոտ 13-14 տոկոս ստացել է «Ապրելու երկիրը»: Այնպես է ստացվել, որ եթե մենք կոալիցիա կազմենք «Ապրելու երկիր» կուսակցության հետ, ՔՊ-ն կպարտվի: Մենք դեռեւս այդ ուժի հետ կքննարկենք այդ հարցը: Իսկ եթե կոալիցիա չի կազմվում, առավելագույն քվե ստացած ուժը՝ ՔՊ-ն, կհաղթի:

Տաթեւում հաղթելու մասին հայտարարելով ՔՊ-ն մի քիչ շտապել է: ենք շուտով հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ կնշենք որոշակի խախտումների մասին: Այս պահին ՔՊ-ն է բողոքարկել ընտրության արդյունքները, նրանք իրենց ստացած քվեները քիչ են համարում: Բայց մենք նաեւ ունենք տեղեկատվություն, որ ամեն ինչ արվելու է, որ իրենց անհրաժեշտ քվեների ավելացում տեղի ունենա եւ ՔՊ-ի ձայները հասնեն 50 տոկոսի: Խոսքը 6 քվեի մասին է, նրանք ամեն ինչ կանեն, որ այդ 6 քվեն լրացնեն»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն Սյունիքի ընտրություններից միայն երկուսում է հաղթել, Շահեն Հարությունյանն ասաց. «Սա խոսում է այն մասին, որ ՔՊ-ն չունի այն լայն հանրային սատարումը եւ կամաց-կամաց ՔՊ-ն սկսելու է պարտություններ կրել ամբողջ Հայաստանով մեկ»: