Համացանցային մեմերը կարող են դրական ազդեցություն ունենալ՝ օգնելով մեզ հաղթահարել համավարակի հետ կապված սթրեսը, գրում է AP-ն:

Գիտնականները 784 մարդկանց ներկայացրել են տարբեր գրառումներով տարատեսակ մեմեր, որոնցից մի քանիսը կապված են եղել Covid-19-ի հետ, մյուսները՝ ոչ:

Հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Ջեսիկա Գալլ Մեյրիկն ասել է, թե արդյունքում հայտնաբերվել է, որ ընդամենը երեք մեմերի դիտումը կարող է օգնել մարդկանց հաղթահարել սթրեսը գլոբալ համավարակի ժամանակ:

Նախքան պատահականորեն ընտրված երեք մեմերի ցուցադրումը նրանք սկսել են չափումից, թե որքան նյարդայնացած կամ սթրեսային վիճակում են մասնակիցները, իսկ մյուսներին ներկայացվել է պարզ տեքստ՝ առանց պատկերների:

Դիտելուց հետո մարդկանց խնդրել են գնահատել իրենց տեսածը հումորի եւ գրավչության, ինչպես նաեւ տագնապայնության մակարդակի եւ դրական հույզերի՝ հանգստության եւ ուրախության տեսակետից, եւ թե որքանով է դա նրանց ստիպել մտածել այն տեղեկատվության մասին, որ իմացել են Covid-19-ի վերաբերյալ:

Հետազոտողները նկատել են, որ նրանք, ովքեր դիտել են մեմերը, հայտնել են հումորի ավելի բարձր մակարդակի եւ ավելի դրական հույզերի մասին:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ այն մարդիկ, ովքեր տեսել են կորոնավիրուսին վերաբերող մակագրություններ, համավարակի հետ կապված սթրեսի ավելի ցածր մակարդակ են ունեցել, քան այն մարդիկ, ովքեր դիտել են առանց գրառման մեմեր:

«Այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել մարդկանց խուսափել Covid-ի հետ կապված լրատվությունից՝ հօգուտ հոգեկան առողջության, մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ Covid-19-ի մասին մեմերը կարող են օգնել մարդկանց ավելի վստահ զգալ հիվանդությունը հաղթահարելու իրենց ունակության հարցում: Սա վկայում է այն մասին, որ ոչ բոլոր ԶԼՄ-ներն են հավասարապես վնասակար հոգեկան առողջության համար, եւ մարդիկ պետք է գնահատեն, թե որ լրատվամիջոցներին նախապատվությունը տալ»,- նշել է Մեյրիկը: