Ատլանտյան օվկիանոսում գտնվող զբոսանավի վրա հայտնաբերվել է մոտ 200 միլիոն եվրո արժողությամբ կոկաին, հաղորդել է AP-ն:

Պորտուգալական ոստիկանությունը հայտնել է, որ սա Եվրոպայում վերջին տարիների ամենամեծ առգրավումն էր եւ ամենամեծը Պորտուգալիայում վերջին 15 տարիների ընթացքում:

Ոստիկանները ծովում հայտնաբերել եւ բռնել են 24 մետրանոց զբոսանավը եւ հայտնաբերել 183 փաթեթ կոկաին:

Ոստիկանությունը կասկածում է, որ կոկաինը պատկանում է թմրավաճառների միջազգային հանցախմբին, որոնք կոկաինը Եվրոպա են հասցրել Պիրենեյան թերակղզով: Երեք տղամարդ ձերբակալվել եւ ուղարկվել է Պորտուգալիա:

Գործողությանը մասնակցել են Պորտուգալիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի գործակալության եւ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային ոստիկանության աշխատակիցները: