Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը մաղթում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղություն կնքի: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանի անկախության վերականգնումից անցել է 30 տարի: Դա երկար ճանապարհ է: Ադրբեջանը պահպանել է իր ինքնիշխանությունը, ապահովել է իր քաղաքացիների անվտանգությունը, զարգացրել ենթակառուցվածքներն ու տնտեսությունը, կարգավորել միջազգային համագործակցությունը, բարձրացրել համալսարանների չափանիշները եւ սկսել է վերականգնել համընդհանուր բարեկեցությունը բնակչության սոցիալական կարիքների բավարարման համար:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքում ձեռք բերվեց հրադադարի համաձայնություն, որը պետք է թույլ տա կառուցել ապագան: Ֆրանսիայի ընկերական ուղերձն եմ հղում 30-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Ադրբեջանը ամրապնդի իր գործընկերությունը Եվրոպայի հետ, արագացնի կլիմայի եւ թվային վերափոխման հարմարվողականությունը, երկարաժամկետ խաղաղություն կնքի Հայաստանի հետ», - ասվում է դեսպանի հայտարարության մեջ: