Լեհաստանը Եվրամիության հավատարիմ անդամ է, սակայն դեմ է իշխանության չափից ավելի կենտրոնացմանը, ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում հայտնել է վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ օրենքի գերակայության շուրջ աճող վեճերի ֆոնին:

Բրյուսելը հայտարարել է, որ Լեհաստանի կառավարության կողմից անցկացված բարեփոխումները խաթարում են դատական ​​համակարգի անկախությունը, սակայն սկանդալը սրվել է այս ամիս, երբ Լեհաստանի Սահմանադրական դատարանը վիճարկել է ԵՄ-ին ինտեգրման առանցքային սկզբունքը՝ որոշելով, որ եվրոպական պայմանագրերի որոշ մասեր անհամատեղելի են սահմանադրության հետ:

Սա խթանել է Լեհաստանի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները, սակայն Մորավեցկին ասել է, որ իր կառավարությունը մտադիր չէ հետեւել Մեծ Բրիտանիայի օրինակին եւ գնալ այդ քայլին:

«Ցանկանում եմ հավաստիացնել ձեզ, որ Լեհաստանը մնում է Եվրամիության հավատարիմ անդամ», - գրել է նա կառավարության կայքում տեղադրված նամակում:

Այնուամենայնիվ, Մորավեցկին նախազգուշացրել է «վտանգավոր երեւույթի մասին, որը սպառնում է Միության ապագային»: «Նկատի ունեմ Միության աստիճանական վերափոխումը մի կազմավորման, որը կդադարի լինել ազատ, հավասար եւ ինքնիշխան պետությունների միություն, եւ կդառնա կենտրոնացված կառավարմամբ օրգանիզմ՝ զուրկ ժողովրդավարական վերահսկողությունից»:

Երկուշաբթի Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնեւ Զեբրոն կոչ էր արել կառավարությանը դատի տալ Գերմանիային՝ դաշինքի ամենամեծ երկրում դատավորների ընտրության քաղաքականացված համակարգի պատճառով: