Ռուս-հայկական ութերորդ համաժողովի շրջանակներում, որն այս օրերին ընթանում է Երեւանում, տեղի ունեցավ «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում» թեմայով «կլոր սեղան»:

Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվիչն իր ողջույնի խոսքում ընդգծեց ոլորտի կարեւորությունը՝ երկրների միջեւ մշակութային կապերի հաստատման եւ ամրապնդման համար:

Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը պետք է նպաստի երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրությանը, ինչպես նաեւ երրորդ երկրներում Հայաստանի եւ Ռուսաստանի շահերին:

«Պաշտոնապես 2019թ․ Ռուսաստանից Հայաստան է այցելել շուրջ 680 000 զբոսաշրջիկ: 2020թ․ համավարակի ժամանակ ռուսաստանցիները զբոսաշրջության նպատակով Հայաստան չէին այցելում: 2021թ․ 6 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել մոտ 143 000 մարդ: Զբոսաշրջության որակը փոխվել է: Անհատական այցերն այժմ ավելի թրենդային են»,- նշեց նա:

Ռուսաստանի Զբոսաշրջային արդյունաբերության միության փոխնախագահ Ալեքսանդր Օսաուլենկոն ընդգծեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում համեստ են ներկայացված:

«Հետխորհրդային տարածքում կան երկրներ, որտեղ նրանք ավելի շատ են»,- նկատեց նա՝ կասկած հայտնելով ժամանակակից պայմաններում զանգվածային զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ:

Anex Tour տուրօպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ Յանա Մուրոմովան Հայաստանին խորհուրդ տվեց աշխատել արտերկրում երկրի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, ինչը հատկապես արդյունավետ է հետկորոնավիրուսային շրջանում:

«Ներկայիս շրջանը հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ շատ սահմաններ փակ են: Պետք է աշխատել երկրի ճանաչման ուղղությամբ, մասնավորապես, կազմակերպված զբոսաշրջության ոլորտում»,- ասաց նա:

Արցախի մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանն իր հերթին անդրադարձավ Արցախում զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակին:

«Մինչեւ 2020թ․ պատերազմը Արցախում օտարերկրյա զբոսաշրջիկների 60%-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին՝ նրանց մի մասը հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներ, մյուս մասը՝ այլ ազգությունների: Այս տարի Արցախում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2020թ․ համեմատ գործնականում չի փոխվել: Չնայած, թվում է, անցյալ տարվա պատերազմից հետո զբոսաշրջության ներուժն անդառնալի վնասներ է կրել՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում ավելի քան 2000 մշակութային հուշարձաններ, 60 000 թանգարանային ցուցանմուշներ եւ այլ արտեֆակտներ են մնացել: Մենք կորցրել ենք զբոսաշրջության ամենամեծ կենտրոնները, այդ թվում`Տիգրանակերտի ավերակները, Տողի մելիքների պալատը, Հադրութի շրջանում Գտչավանք վանական համալիրը եւ շատ այլ բաներ: Զբոսաշրջային այս ուղղությունների կորստից հետո առաջին պլան են դուրս եկել այն մշակութային հուշարձանները, որոնք նախկինում «ստվերում» էին մնում: Զբոսաշրջային վնասը որոշ չափով հնարավոր է փոխհատուցել: Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի մուտք գործել Արցախ»,- հայտնեց նա:

Շահվերդյանը հատուկ նշեց, որ Արցախի Հանրապետություն ուղեւորությունը բացարձակապես անվտանգ է: