Հումանիտար իրավիճակն Աֆղանստանում արագորեն վատթարանում է, քանի որ արտաքին օգնությունը սպառվում է, եւ շատ աֆղանստանցիներ չեն կարողանում աշխատանք գտնել:

Ինչպես հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, «Աֆղանստանի մոտ 40 միլիոն բնակչությունը կարող է մոտակա ամիսներին աղքատության շեմից ցածր վիճակում հայտնվել: Աֆղանստանցիների 95 տոկոսն արդեն բավարար սնունդ չի ստանում, եւ որոշ հուսահատ ընտանիքների համար իրավիճակն այնքան սարսափելի է դարձել, որ նրանք ստիպված են եղել հրաժարվել իրենց երեխաներից` պարտքերը մարելու համար:

Քանի որ շատ կլինիկաներ կախված են օտարերկրյա ֆինանսավորումից, դրանցից շատերն այժմ չունեն հիմնական ռեսուրսներ եւ դեղամիջոցներ: Օժանդակության բացակայությունը նշանակում է նաեւ, որ շատ բժիշկներ եւ բուժքույրեր ամիսներ շարունակ չեն վարձատրվում:

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում այլ երկրներին շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը՝ չնայած թալիբների կողմից իշխանության բռնազավթմանը: «Միանգամայն սխալ կլիներ դադարեցնել կյանքեր փրկելու համար տրամադրվող միջոցների հատկացումը», - ասել է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի գլխավոր քարտուղար Յան Էգելանդը:

ԱՄՆ-ը դադարեցրել է Աֆղանստանին օգնության տրամադրումը երկրից հեռանալուց հետո, սակայն այնուհետեւ հայտարարել է, որ 64 մլն դոլարի չափով գումար կտրամադրի որպես մարդասիրական օգնություն:

ԱՄՆ-ն նաեւ աշխատանքներ է տանում տարհանման թռիչքները վերականգնելու ուղղությամբ: Ինչպես նշել է National Review-ն, այս թռիչքները մասամբ կլուծեն մնացած ամերիկացիների խնդիրը, ովքեր թալիբների իշխանության գալուց հետո չեն կարողացել լքել Աֆղանստանը: