Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաեւ ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները եւ ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Միրզոյանն ու դեսպան Էհնբերգը գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ԵԽ միջեւ հաստատված բազմոլորտ համագործակցության կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագա զարգացում կունենա: Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության գործում ԵԽ կողմից տրամադրվող աջակցության հիմնարար դերը: Այս համատեքստում կարեւորվել է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ Գործողությունների ծրագրի կյանքի կոչումը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակին՝ նախարարը բարձր է գնահատել պատերազմի առաջին իսկ օրերից ԵԽ տարբեր մարմինների կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարություններն ու կոչերը։ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաեւ միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽ իրավասու մարմինների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության կարեւորությունը։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, ինչը միջազգային հումանիտար իրավունքի, ինչպես նաեւ եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է: