Հայաստանի փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, փոխնախարարը շնորհավորել է Հելեն Սանդ Անդրեսենին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը եւ տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը:

Զրուցակիցները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխշահավետ համագործակցության զարգացման եւ առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Դեսպան Անդրեսենը հայտնել է, որ Նորվեգիան մտադիր է Հայաստանին զգալի քանակությամբ «Moderna» պատվաստանյութ մատակարարել:

Զրույցի ընթացքում փոխնախարար Վահե Գեւորգյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման կարեւորությունը: