Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին 10 տոննա մարդասիրական բեռ են հասցրել: «10 տոննա մարդասիրական բեռ է բերվել Երեւանից։ Կոշիկներ, հագուստ, դպրոցական պարագաներ, մաքրող միջոցներ, գազի վառարաններ. այդ ամենը կբաժանվի Լեռնային Ղարաբաղում փախստականներին, բազմազավակ ընտանիքներին, տուժածներին ու հարկադիր տեղահանվածներին»,-ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին: Բեռի խմբաքանակում եղել են առաջին անհրաժեշտության իրեր, ձմեռային հագուստ եւ կոշիկներ երեխաների համար, դպրոցական եւ կենցաղային պարագաներ եւ ջեռուցման միջոցներ:  

Բեռի առաքման անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահ զորակազմի անձնակազմն ու զինծառայողները՝ Լաչինի միջանցքի յոթ դիտակետերի պատասխանատվության գոտում։

«Մենք ուղեկցեցինք ավտոշարասյունը Ստեփանակերտ քաղաքից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ, երթուղու երկարությունը կազմում էր ավելի քան 800 կմ։ Երթուղու դժվարությունն այն էր, որ տվյալ երթուղին անցնում էր լեռնային տեղանքով։ Զինվորական շարասյունը ժամանեց նշանակված վայր առանց միջադեպերի»,-ասել է ռազմական ավտոտեսչության աշխատակից Իվան Սոլոգուբովը։

«Երախտագիտություն ենք հայտնում խաղաղապահ ուժերին արդյունավետ համատեղ աշխատանքի համար եւ հույս ունենք հետագայում եւս շարունակել աշխատանքը»,-ասել է բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։