Ռուսաստանն ու Հայաստանն ունեն բոլոր հնարավորությունները՝ կայուն եւ դինամիկ զարգացման, բազմակողմանի փոխգործակցության համար՝ ինչպես առեւտրային, այնպես էլ տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, ինչպես նաեւ՝ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Այս մասին հոկտեմբերի 19-ին ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի լիագումար նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունը մեծ ներդրում ունի այդ գործում:

«Նախապատրաստվել է միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր 2022-2027 թվականների համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի տարածաշրջանների հետ Հայաստանի հետագա համագործակցությունն օգուտ կբերի մեր եղբայրական երկրների ժողովուրդներին»,- ասել է նա:

Օվերչուկը հավելել է, որ ռուս-հայկական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի անցկացումն ընդգծում է հարաբերությունների սերտ դաշնակցային բնույթը:

«Մեր երկրներն ու ժողովուրդները կապված են բարեկամությամբ եւ ընդհանուր դարավոր պատմությամբ: ԵԱՏՄ այլ երկրների հետ միասին մենք բարենպաստ միջավայր ունեցող ընդհանուր շուկաներ ենք ձեւավորում, որոնք նախատեսված են Միության անդամ երկրների ավելի քան 182 միլիոն քաղաքացիների համար: Վստահ եմ, որ ինտեգրումը կշարունակվի` ի շահ մեր ժողովուրդների կենսամակարդակի բարձրացման», - եզրափակել է Ռուսաստանի փոխվարչապետը: