Ռուսական ընկերությունները մտադիր են ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում կատարել ՀՀ-ում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։

Նրա խոսքով՝ դրանց զգալի մասը հայկական տնտեսության համար խոշոր հարկատուներն են։

Նա հայտնեց, որ Հայաստանում հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար ժամանել են ավելի քան 40 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են տարբեր ոլորտներում համագործակցությամբ։ «Հուսով ենք, որ ֆորումի աշխատանքի հիմնական արդյունքները կլինեն նոր համատեղ նախագծերի վերաբերյալ համաձայնագրերը, եւ, իհարկե, մեզ համար շատ կարեւոր է միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը»,-նշեց նա։

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի ամենակարեւոր ռազմավարական գործընկերն է: «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները բարիդրացիության եւ փոխադարձ շահերի անվերապահ հարգանքի սկզբունքների հիման վրա: Ամուր կապերն օգնում են մեզ հաղթահարել տնտեսական անկման հետեւանքները, եւ մենք տեսնում ենք, որ այս տարի շրջանառությունը կրկին աճել է: Շատ կարեւոր է, որ զարգանում է ոչ միայն առեւտրային, այլեւ ներդրումային համագործակցությունը: Ներկայումս Հայաստանում գործում են ավելի քան 40 խոշոր ռուսական ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանի տնտեսության մեջ, ստեղծում նոր աշխատատեղեր: Միեւնույն ժամանակ, կարեւոր է, որ այս համագործակցության հետագա ամրապնդման ծրագրեր կան»,-եզրափակեց նա: