Չինական Xiaomi ընկերությունը մտադիր է 2024թ. առաջին կեսին սկսել էլեկտրամեքենաների սերիական արտադրություն։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Պենպայ» տեղեկատվական ռեսուրսը, երեքշաբթի ներդրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լեյ Ցզյունը։

Նրա խոսքով՝ նախագծի նախապատրաստական աշխատանքն ընթանում է առաջանցիկ տեմպերով։ Ինչպես նշել է Լեյ Ցզյունը, էլեկտրամեքենաների արտադրությունը թույլ կտա համալրել արդեն առկա էկոհամակարգը, որը ներառում է ընկերության տեխնոլոգիաների կիրառումը խելացի տան կամ գրասենյակի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Սեպտեմբերին Xiaomi-ն ավարտեց դուստր կառույցի գրանցումը, որն զբաղվելու է էլեկտրամեքենաների արտադրությամբ։ «Սյաոմի ցիչե» նոր ընկերության կանոնադրական կապիտալը 10 մլրդ յուան է (մոտ 1,5 մլրդ դոլար)։ Որպես նրա օրինական ներկայացուցիչ հաստատվել է Xiaomi-ի տնօրենների խորհրդի  նախագահ Լեյ Ցզյունը։ Հաջորդ տասը տարիներին Xiaomi-ի էլեկտրամեքենաների արտադրությունում ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսվում է հասցնել 10 մլրդ դոլարի։

Xiaomi-ն արդեն ընտրել է 300 մասնագետ նոր ընկերության համար եւ շարունակում է բարձրորակ կադրեր փնտրել։ Հուլիսի վերջին Xiaomi-ն նաեւ հայտարարել էր կառույցի ստեղծման մասին, որը զբաղվելու է առանց վարորդի մեքենաների վարման սեփական տեխնոլոգիաների մշակմամբ։