ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով նիստը հետաձգվեց: Պատճառը Գեւորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի բացակայությունն էր:

Փաստաբանի բացակայության պատճառով դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց՝ պատճառները պարզելու համար: Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ ապարատի աշխատակիցները հեռախոսով զրուցել են Լուսինե Սահակյանի հետ: Նա հայտնել է, որ հաղորդագրություն է ուղարկել դատարանի էլ. Փոստին: Այն ստացվել է նիստի մեկնարկից հետո: Փաստաբանը դատարանին ասաց, որ ծանոթանում է գործի նյութերին, որ դատարանը նյութերն ամբողջությամբ չի տրամադրում: Հաշվի առնելով գործի ծավալը եւ այն, որ իրեն չեն տրամադրվել բոլոր նյութերը, ինչպես նաեւ փաստաբան Ռուբեն Սահակյանի մահը՝ Լուսինե Սահակյանը խնդրում է հետաձգել նիստը:

Դատավորը հստակեցրեց, թե ժամը քանիսին է հոգեհանգիստը: Փաստաբաններն ասացին, որ ժամը 18-ին: «Հավանաբար, բոլորդ կմասնակցեք, եւ այդ հանգամանքը չի խանգարել ներկա լինել նիստին»,- պարզաբանեց դատավորը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը մեկնաբանեց Լուսինե Սահակյանի հաղորդագրության առաջին հատվածը՝ հայտարարելով, որ դա բավարար է բացակայության պատճառների մասին եզրակացություն անելու համար: Ժամը, երբ ստացվել է հաղորդագրությունը, ըստ դատախազի, նույնպես շատ բան է ասում:

Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ նույնպես խոսել է փաստաբանի հետ: Սահակյանն ասել է, որ հաղորդագրությունն ուղարկել է փոստով, եւ այն չի հասել, ինչի պատճառով ստիպված է եղել դատարանից այլ էլ. հասցե խնդրել, եւ արդեն երկրորդ անգամ հաղորդագրությունն արագ հասել է: Այսինքն, հաղորդագրությունը ժամանակին է ուղարկվել, եւ, ինչպես արդեն նշվել է, դատարանի փոստային հասցեի հետ կապված խնդիրներ կան: Նա նաեւ հավելել է, որ փաստաբանը սերտ հարաբերությունների մեջ է մահացածի ընտանիքի հետ:

Դատավորը նշեց, որ մինչ Լուսինե Սահակյանի նկատմամբ պատժամիջոցների հարցը քննելը դատարանը կլսի նրա բացատրությունները: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին ժամը 13:00-ին: