«Հյուսիս-Հարավ» նախագծի հետ կապված առաջիկայում բավական մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ կմասնակցեն. Ենթադրում եմ, որ մեր ռուս գործընկերները եւս նման ցանկություն կունենան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի, բայց մի քանի ամիս կտեւի մինչեւ մրցույթի մի շարք փուլեր ամփոփվեն եւ հաղթող ընկերությունները հայտնի դառնան, որից հետո շինարարական պրոցեսը կսկսվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային համարվող Աղվանի-Տաթեւ-Կապան ճանապարհին, որի շինարարությունը պետք է ավարտվի նոյեմբերի վերջին, եւ որի շինարարության հարցում Իրանի շահագրգռությունը կա,  Գնել Սանոսյանն ասաց. «Մենք իրանցի գործընկերների հետ քննարկումներ ունենք նաեւ այդ ուղղությամբ: Վերջերս Հայաստանում էր իրանցի փոխնախարարը, որի հետ ես էլ եմ հանդիպում ունեցել: Իրենք հետաքրքրված են «Հյուսիս-Հարավի» կառուցման աշխատանքներով: Առաջիկայում որոշակի այց ենք նախատեսում: Ինչ վերաբերում է Տաթեւ-Աղվանի ճանապարհին, շինարարությունն ընթացքի մեջ է, գրեթե 24-ժամյա  ռեժիմով են աշխտում: Այո, կավարտենք նոյեմբերին: Նախատեսված է 3 շերտ ասֆալտ անել, բայց որոշ հատվածներում այս տարի կբավարարվենք 2 շերտ ասֆալտ տեղադրելով՝ հասկանալով, որ որոշակի ժամանակ է պետք: Եթե հետո թերություններ ի հայտ գան, մենք 3-րդ շերտը դնելուց առաջ այդ թերությունները կշտկենք, նոր երրորդ շերտը կտեղադրենք»: