Եվրամիությունը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը: Այս մասին հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, ընդգծվել է, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է:

Անդրադառնալով այս տարվա հուլիսին ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Ադրբեջան կատարած այցին, նշվեց, որ Իլհամ Ալիեւի եւ Շառլ Միշելի հանդիպումը կարեւոր ներդրում է ունեցել Ադրբեջանի եւ ԵՄ-ի հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպմանն ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման, վստահության մթնոլորտի ձեւավորման գործում:

Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել նաեւ Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ: