Գերագույն ռադայի «Հանուն ապագայի» պատգամավորական խումբը օրինագիծ է մտցնելու ընտրովի պաշտոնների եւ պետծառայության անցնող բոլոր թեկնածուների պարտադիր հոգեբուժական զննության մասին։ Այս մասին ասել է նրա համաղեկավար Տարաս Բատենկոն, տեղեկացնում է «Գորդոն» պորտալը։

Այս առաջարկությունն արվել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից պատգամավոր Գալինա Տրետյակովայի արտահայտությունից հետո, որը մեկ այլ օրենսդրի՝ Անտոն Պոլյակովի մահվանն արձագանքել էր «Մեկ թշնամի պակաս» ասելով։

Բատենկոյի կարծիքով՝ նա, ով «մարդատյացություն է սերմանում իր աշխատանքում», պետք է հեռացվի խորհրդարանի մի քանի նիստերից եւ կոմիտեի ղեկավարությունից։ «Անհապաղ նախատեսել ընտրովի պաշտոններում բոլոր թեկնածուների պարտադիր հոգեբուժական ուսումնասիրություն, հոգեկան վիճակի զննություն»,- ավելացրել է նա։