Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն անհիմն եւ իրականությանը չհամապատասխանող է անվանել իրանական կողմի պնդումները՝ Իրանից Ռուսաստան Բաքվի ապրանքների արտահանումը կանխամտածված կերպով խոչընդոտելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախօրեին որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով Իրան-Ռուսաստան համատեղ առեւտրային պալատի տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ջալիլ Ջալալիֆարին, տեղեկատվություն տարածեցին Աստարա սահմանային մաքսակետի կողմում իրանական կողմից մեծ թվով բեռնատար ավտոմեքենաների կուտակման մասին: Դրանում նշվում էր, որ ադրբեջանական կողմը դա դիտավորյալ է անում իրանա-ադրբեջանական հարաբերություններում լարվածության աճի ֆոնին: Պետական ​​մաքսային կոմիտեն հայտարարում է, որ այդպիսի հաղորդումներն անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է Պետական ​​մաքսային կոմիտեի հաղորդման մեջ:

Դրանում նշվում է, որ Աստարայի սահմանային մաքսակետը շարունակում է գործել ուժեղացված աշխատանքային ռեժիմով, եւ վերջին տաս օրվա ընթացքում նախորդ օրերի համեմատ Իրանից Ադրբեջան ավելի մեծ քանակությամբ բեռնատար ավտոմեքենաներ են տեղափոխվել: «Իրանի պաշտոնական ներկայացուցիչը հեշտությամբ կարող է այդ վիճակագրությունը ստանալ իր երկրի համապատասխան կառույցներում»,- հավելել է Պետական մաքսային ​​կոմիտեն: Ըստ կոմիտեի՝ սահմանին բեռնատար ավտոմեքենաների կուտակումներն առաջանում են բուն Իրանում ծագած խնդիրներից:

Նշվում է, որ պատճառը հոկտեմբերի 15-16-ն 10-ժամյա խափանումն էր իրանական կողմի համակարգչային համակարգում, որի պատճառով բեռնատարների անցումն անցակետով դադարեցվել էր: Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, բեռնատարների կուտակումն առաջացել էր իրանական Աստարա քաղաքի մրգերի եւ բանջարեղենի պահեստներում բեռնաթափման աշխատանքների ընթացքում երկար հերթերի պատճառով: «Անընդունելի եւ ցավալի է Ադրբեջանին մեղադրել իրանական խնդիրների պատճառով առաջացած բեռնատարների կուտակումների մեջ եւ քաղաքական երանգ տալ դրան»:

Հաղորդագրության մեջ ակնհայտ հակասություն կա, որը ադրբեջանական գերատեսչությունում պարզապես չեն նկատում: Նախ նշվում է, որ «Աստարայի սահմանային մաքսակետը շարունակում է գործել ուժեղացված աշխատանքային ռեժիմով, եւ վերջին տաս օրվա ընթացքում Իրանից Ադրբեջան ավելի մեծ քանակությամբ բեռնատար ավտոմեքենաներ են տեղափոխվել նախորդ օրերի համեմատ», ինչից հետո ասվում է, որ «բեռնատարների կուտակումն առաջացել է բեռնման եւ բեռնաթափման աշխատանքների ընթացքում երկար հերթերի պատճառով»: