ԵՄ օրենսդրության գերակայությունը վիճարկող Լեհաստանի սահմանադրական դատարանի վերջին վճիռը սպառնալիք է դաշինքի հիմքերի համար եւ անպատասխան չի մնա: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է AP-ն:

Ստրասբուրգում ելույթ ունենալով ԵՄ օրենսդիրների առջեւ՝ նա ասել է, որ իրեն խիստ մտահոգում է որոշումը, որն, իր կարծիքով, «ուղղակի մարտահրավեր է եվրոպական իրավունքի գերակայության միասնությանը» եւ խաթարում է դատական ​​իշխանության անկախության պաշտպանությունը: «Օրենքի գերակայությունն այն սոսինձն է, որն ամրացնում է մեր միությունը»,- ասե է ֆոն դեր Լյայենը:

Այս ամսվա սկզբին Լեհաստանի եւ ԵՄ -ի հարաբերությունները նոր ցածր մակարդակի վրա հասան այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը որոշեց, որ լեհական օրենքները գերակա են ԵՄ-ի օրենքների նկատմամբ, որին Լեհաստանը միացել էր 2004 թվականին, ինչը սրեց լարվածությունը Լեհաստանի կառավարության եւ Բրյուսելի կառույցների միջեւ ժողովրդավարական չափանիշների շուրջ:

Պառակտումն իր գագաթնակետին հասավ երեքշաբթի Եվրախորհրդարանի լիագումար նիստին, որի ընթացքում Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին պաշտպանեց իր երկրի դիրքորոշումը, որ Լեհաստանի գերագույն օրենքը երկրի սահմանադրությունն է, որը վեր է ցանկացած այլ օրենքներից: Մորավեցկին պնդում էր, որ Լեհաստանը պետք է հավատարիմ մնա ԵՄ-ի հետ պայմանագրերին:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Լեհաստանի վարչապետին մեղադրեց նրանում, որ նա փորձում է շեղել խնդրից մտացածին փաստարկներով: «Ձեր փաստարկները չեն բարելավվում: Դուք պարզապես խուսափում եք բանավեճերից»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

«Որպեսզի եվրոպական ժողովրդավարությունը գործի, անհրաժեշտ է հարգել ընդհանուր կանոններն ու սկզբունքները, ընդհանուր ինստիտուտները եւ անկախ արդարադատությունը: Մի փորձեք շեղել մեզ: Այժմ այստեղ քննարկվում է օրենքի գերակայության եւ եվրոպական իրավունքի գերակայության հարցը: Մի փորձեք խուսափել այս բանավեճից»,- ասել է նա: