Հունաստանը պարտավորվել է Եգիպտոսը կապել Եվրամիության էներգետիկ շուկային ստորջրյա մալուխով, որը էլեկտրաէներգիա կհասցնի Միջերկրական ծովով, հաղորդում է AP-ն:

«Հունաստանը Եգիպտոսը Եվրոպայի հետ կապող օղակը կլինի,- ասել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ աս-Սիսիի հետ Աթենքում կայացած բանակցություններից հետո:- Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր էներգիայի աղբյուրները, եւ Եգիպտոսը կարող է նաեւ հիմնականում արեւից ստացվող էլեկտրաէներգիայի մատակարար դառնալ»:

Հայտարարությունը հնչեցվել է համաշխարհային էներգետիկ ճգնաժամի ժամանակ, որը բարձրացրեց բնական գազի, նավթի եւ այլ վառելիքի գները:

Միցոտակիսը հայտարարել է, որ նախագիծը «կամուրջ կլինի Եգիպտոսի եւ Եվրոպայի միջեւ, ինչը թույլ կտա (Կահիրեին) առանցքային դեր խաղալ էներգետիկ անվտանգության ապահովման գործում էներգետիկ շուկայում խիստ ցնցումների ժամանակ»:

Եգիպտոսն անցյալ շաբաթ առանձին համաձայնագրեր ստորագրեց Հունաստանի եւ Կիպրոսի հետ` միացման ստորջրյա գծերի ստեղծման վերաբերյալ՝ չնայած մանրամասները մշակված չեն:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը նույնպես միացել է Աթենքում կայացած հանդիպմանը` նշանավորելով երեք երկրների առաջնորդների բանակցությունների իններորդ փուլը:

Հունաստանը ձգտում է ընդլայնել էներգետիկ համագործակցությունը Միջերկրական ծովում Եգիպտոսի եւ Իսրայելի հետ, քանի որ տարաձայնություններ ունի հարեւան Թուրքիայի հետ ծովային սահմանների եւ ծովի հատակի օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների վերաբերյալ: