Հացահատիկների եւ հատիկաընդեղենի համար տարին շատ վատն էր: Այս տարի երաշտի պատճառով բերքը կրճատվեց 2-3 անգամ, ինչը հանգեցրեց գների բարձրացման, միաժամանակ վնաս հասցրեց անասնապահությանը: Բացի այդ, բերքի որակն ընկել է: Այս մասին հոկտեմբերի 19-ին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդման ժամանակ ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը:

«Պտղատու մշակաբույսերի համար տարին հաջող ստացվեց: Բարձրորակ ծիրանը գնվեց մեկ կիլոգրամը առնվազն 550 դրամով (ավելի քան 1 դոլար - խմբ.): Մեծ մասն արտահանվեց: Բացի այդ, խնձորի սուր ավելցուկ կլինի: Գները կընկնեն, դրանք արդեն ընկել են: Դա կապված է բարձր բերքատվության եւ այն բանի հետ, որ մեր խնձորները չեն համապատասխանում արտահանման բարձր չափանիշներին: Ավելցուկը կհանգեցնի այգեգործների դժգոհության աճի»,- նշեց նա:

Հարություն Մնացականյանը հավելեց, որ այս տարի կարտոֆիլի բերքը քիչ է, ուստի այսօր կիլոգրամը վաճառում են 300-330 դրամով:

«Բայց գներն այլեւս չեն բարձրանա, քանի որ կարտոֆիլը կներկրեն Ռուսաստանից, Իրանից եւ նույնիսկ Ղազախստանից:

Ամենավատ իրավիճակը անասնապահության ոլորտում է, հատկապես՝ խոշոր եղջերավոր անասունների: Պատճառը երաշտի հետեւանքով անասնակերի բացակայությունն է, ինչպես նաեւ 90 000 հեկտար հողերի կորուստը, որոնք անցել են Ադրբեջանին: Բացի այդ, մարդիկ վախենում են անասուններին դաշտ տանել, քանի որ ադրբեջանցիները գողանում են անասուններին:

Հայաստանի խանութներում տավարի մի կիլոգրամն այսօր արժե 2900 դրամ: Գարնանը տավարի մսի սուր դեֆիցիտ կլինի: Եթե գինը հասնի 3500 հազար դրամի, կարող են սկսել Ռուսաստանից եւ Բելառուսից ներմուծել: Այս իրավիճակը կհանգեցնի կենդանիների զանգվածային սպանդի, եւ հետագա տարիներին անասունների դեֆիցիտ կդիտարկվի:

Խնդիրները միայն կավելանան, եւ չկա մեկը, որին դիմես․ գյուղնախարարությունը փակ է»,- ընդգծեց ֆերմերը:

Նա քննադատեց գյուղացիական տնտեսություններին հավաստագրված տնկիներ տրամադրելու կառավարության մտադրությունը:

«Ինչպե՞ս կարելի է ասել՝ կտրեք ծառերը, մենք ձեզ հավաստագրված տնկիներ կտանք: Դա կհանգեցնի յուրահատուկ տեսակների կորստի, այդ թվում`ծիրանի: Հավաստագրված տնկիներ չեն լինում, հավաստագրում են տնկարանները»,- եզրափակեց Մնացականյանը: