Ֆիլադալֆիայում կնոջ բռնաբարության ականատեսները սմարթֆոններով նկարահանել են հանցագործությունը՝ զոհին օգնելու փոխարեն:

Իշխանությունների խոսքով՝ տղամարդը, ով մեղադրվում է Ֆիլադելֆիայի մերձակայքում գնացքում մի կնոջ բռնաբարելու մեջ, հետապնդել է նրան ավելի քան 40 րոպե, եւ մի քանի մարդ իրենց հեռախոսներով նկարահանել են հանցագործությունն ու չեն միջամտել:

Ավելի քան երկու տասնյակ կանգառների ընթացքում տղամարդը հետապնդել, շոշափել եւ, ի վերջո, բռնաբարել է կնոջը, այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Հարավարեւելյան Փենսիլվանիայի Տրանսպորտի վարչության ոստիկանության պետը:

Տղամարդն ու կինը գնացք են նստել Հյուսիսային Ֆիլադելֆիայի կանգառներից մեկում: Սպաները տղամարդուն հեռացրել են կնոջից վերջին կանգառում: Իշխանությունների խոսքով՝ նրանք արձագանքել են տրանսպորտային ծառայության աշխատակցի կողմից «911» ծառայություն ահազանգելուց մոտ երեք րոպե անց:

35-ամյա Ֆիստոն Նգոյին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության եւ դրա հետ կապված հանցագործությունների համար: Նգոյի ձերբակալության մասին գրավոր վկայություններում մանրամասն ներկայացվում է հարձակման ժամանակը, այդ թվում այն, որ այդ 40 րոպեների ընթացքում կինը բազմիցս հետ է մղել Նգոյին:

The New York Times-ը հայտնել է, որ հարձակումը նկարահանած եւ չմիջամտած անձանց նկատմամբ կարող է մեղադրանք առաջադրվել, սակայն դա Դելավեր շրջանի դատախազի հայեցողությանն է թողնված: