Գորիսի, Գյումրիի ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին իրական պատկերը, որը կա Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«ԱԺ ընտրությունների ժամանակ իշխող ուժը անխնա օգտագործեց վարչական ռեսուրսը. Դա եւ բանակն էր, եւ շրջող խմբերը, եւ ապօրինի տրված անձնագրերը, եւ պրեսինգը: Այն, ինչում մեղադրվում է Առուշ Առուշանյանը, նույնը իշխող ուժի որոշ պատգամավորներ անում էին Գորիսում: Եթե Առուշ Առուշանայնն ի պաշտոն էր աջակցում, տանիքներ էր վերանորոգում, հիմա իրենք լկտիաբար այդ գումարները բաժանել են: Բայց դա իրենց չօգնեց»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ մեծ քանակի ոստիկաններ էին իշխանությունները բերել Սյունիք:

«Այդ քանակի ոստիկան եթե լիներ պատերազմի օրերին այնտեղ, թուրքերն այսօր նստած չէին լինի մեր ճանապարհների վրա»,-հավելեց պատգամավորը:

«Այն, ինչ տեղի ունեցավ Գորիսում, դա ունենալու է մուլտիպլիկատիվ էֆեկտ: Արդեն դա երեւում է, մարդիկ փորձելու են առաջադրվել եւ բերելու են այն վիճակին, որ դեպի բռնապետություն գնլու տրամադրությունը կոտրվի»,-ասաց Վահե Հակոբյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ ժողովրդի տրամադրությունների բեկում է տեղի ունեցել. «Ես համոզված եմ, որ ժողովրդի այն զանգվածը, որ հունիսի 20-ին, ձայն է տվել Նիկոլ Փաշինյանին, հիմա փոշմանել է»: