Աշխարհը նախկինում ականտես է եղել միջուկային տերությունների միջեւ իշխանության համար պայքարին եւ տեսել, թե ինչպես են այդ երկրներն աստիճանաբար մոտենում ռազմական հակամարտությանը: Սակայն երկու երկրների միջեւ սառը պատերազմը նախկինում երբեք միմյանց եւ աշխարհի մնացած մասի հետ այսքան փոխկապակցված չի եղել, ինչպես ԱՄՆ-ի եւ Չինաստանի դեպքում: 

Երկու գերտերությունների միջեւ աճող անտագոնիզմը, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտի գլոբալ համագործակցությանը կլիմայի փոփոխության դեմ պայքարում, կուղղի ռեսուրսները թանկարժեք սպառազինությունների եւ տեխնոլոգիաների մրցավազքին, կբարդացնի դիվանագիտությունը ԱՄՆ դաշնակիցների համար, եւ այս ամենի զոհերը կդառնան միմյանց երկրներում ապրող Չինաստանի եւ Ամերիկայի քաղաքացիները:

Փորձագետները վաղուց են քննարկում՝ արդյո՞ք «սառը պատերազմը» ճիշտ տերմին է ԱՄՆ-Չինաստան մրցակցության համատեքստում:

Ինչպես հայտնել է Դեյվիդ Սենգերը New York Times-ից, նախագահ Ջո Բայդենի բարձրաստիճան օգնականները մերժում են այս ձեւակերպումը՝ պնդելով, որ երկու գերտերությունները պետք է կարողանան «համաձայնության չգալ» փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Սակայն մինչ այժմ չինացիները հետաքրքրություն չեն ցուցաբերել նման համաձայնագրի նկատմամբ:

Հաղորդագրությունն այն մասին, որ Չինաստանը միջուկային զենք տեղափոխելու ունակ գերձայնային հրթիռ է փորձարկել, համեմատվել է 1957 թվականին ԽՍՀՄ-ի կողմից «Սպուտնիկ»-ի արձակման հետ, ինչը մտավախություն է առաջացրել, որ ԱՄՆ-ը հետ է մնում տեխնոլոգիական մրցավազքում:

Այո, սակայն. «Սա «Սպուտնիկ»-ի դեպքը չէ», - Axios-ին ասել է միջուկային եւ հրթիռների տարածման առաջատար փորձագետ Ջոշուա Պոլակը: ««Սպուտնիկ»-ի  դեպքում Սովետական Միությունը մեզանից առաջ անցավ, նրանք արձակեցին առաջին արբանյակը...»:

Հրթիռի արձակումը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առկա ստատուս քվոն խաթարող քայլերից մեկն է: Վերջերս Չինաստանի արեւմուտքում արված արբանյակային լուսանկարներում երեւմ են հարյուրավոր նոր միջուկային հրթիռներ: Վերջին ամիսներին Թայվանի օդային տարածք չինացիների ներխուժման թվի կտրուկ աճ է նկատվում:

Սեպտեմբերին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան հայտարարեցին անվտանգության նոր պայմանագրի մասին, որը հայտնի է AUKUS անունով. նպատակը Չինաստանին հակազդելն է՝ մասնավորապես ամերիկյան ատոմային սուզանավերի տեխնոլոգիան Ավստրալիային փոխանցելով:

Նույնիսկ ՆԱՏՕ-ն, որը սառը պատերազմի տիպիկ դաշինք է, ընդլայնում է իր ուշադրությունը` ներառելով Պեկինը:

Թեեւ սառը պատերազմի հետ զուգահեռներ անցկացնելը հեշտ է, սակայն աշխարհն այժմ այլ է, քան 1950-ականներին էր, ինչը ուղղակիորեն ազդում է այս մրցակցության բնույթի եւ դրանում հայտնված մարդկանց վրա:

Չինաստանն աշխարհի հիմնական առեւտրային գործընկերն է, մինչդեռ Խորհրդային Միությունը տնտեսական էմբարգո էր սահմանել՝ արգելափակելով խորհրդային բլոկից դուրս գտնվող երկրների հետ առեւտուրը:

ԱՄՆ-ը ու Չինաստանը սերտ տնտեսական, կրթական եւ անձնական կապեր ունեն: ԱՄՆ-ում կա չինական ծագում ունեցող 5.4 միլիոն մարդ:

«Համաշխարհային մակարդակում [ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ] մրցակցության ամենակարեւոր տարրը տնտեսությունն ու տնտեսական հնարավորություններն են, այլ ոչ թե ռազմական հզորությունն ու ռազմական կարողությունները, ինչը այն տարբեր է դարձնում սառը պատերազմից», - ասել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քաղաքագիտության պրոֆեսոր Մ. Թեյլոր Ֆրեյվելը:

Այնուամենայնիվ, կա մեկ ընդհանուր կարծիք՝ գործնականում ոչ ոք չի ցանկանում նոր սառը պատերազմ:

Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասը անցյալ տարի նախազգուշացրել է, որ սառը պատերազմի ձեւակերպման օգտագործումը նշանակելու է, որ Չինաստանի հետ լարվածությունը դառնալու է «ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը», ինչը, նրա կարծիքով, «լուրջ ռազմավարական սխալ» է լինելու:

Նախագահ Բայդենը բազմիցս մերժել է այս ձեւակերպումը՝ սեպտեմբերին ՄԱԿ-ում հայտարարելով. «Մենք չենք ձգտում նոր սառը պատերազմի կամ կոշտ բլոկների բաժանված աշխարհի»:

Պեկինը պարբերաբար մեղադրում է ԱՄՆ-ին «սառը պատերազմի մտածելակերպին» հավատարիմ մնալու մեջ:

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները զգալիորեն վատթարացել են վերջին հինգ տարիների ընթացքում, սակայն, բարեբախտաբար, դեռեւս դատապարտված չենք անցյալի կրկնությանը: