Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Spuntik Արմենիա»-ն:

Վերադարձող գերիներն են Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանց օդանավակայանում դիմավորել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։

Նրանցից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Այդ օրը 6 տարվա ազատազրկման էին դատապարտվել ևս 10 հայ ռազմագերի։ Դրանից բացի, Բաքվի դատարանում հուլիսի 22-ին նմանատիպ դատավճիռ էր կայացվել 13 հայ գերիներից բաղկացած մեկ այլ խմբի նկատմամբ, որոնց թվում նաև Ժորա Վանոյի Մանուկյանն էր։

Այսօր Բաքվից վերադարձող մեկ այլ ռազմագերու` Հովսեփ Ռոբերտի Մանուկյանի և ևս 12 հայ զինծառայողի նկատմամբ նմանատիպ որոշում էր կայացվել հուլիսի 29-ին։

Հայ ռազմագերիների վերադարձին մասնակցել է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, որի միջնորդությամբ են նաեւ Հայաստան վերադարձել հայ ռազմագերիների նախորդ խմբերը:

Նախորդ անգամ ռազմագերիներ վերադարձել էին սեպտեմբերի 7-ին՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը, որոնք գերեվարվել էին այս տարվա հուլիսի 14-ին՝ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում. նրանց դիմաց ադրբեջանական կողմին էր փոխանցվել Արցախի Մարտակերտ քաղաքի տներից մեկում հայտնաբերված եւ ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւը: