Արվեստի ստեղծագործությունների բրիտանացի կոլեկցիոները, ով երկու տասնամյակ առաջ նեապոլյան հնաոճ իրերի խանութից 17-րդ դարի մարմարե հրեշտակներ էր գնել, դրանք վերադարձրել է իտալական ոստիկանությանը, երբ իմացել է, որ գողացված են եկեղեցուց, հաղորդում է AP-ն:

Իտալական արվեստի հարցերով զբաղվող կարաբիներների ոստիկանությունը հայտնել է, որ անանուն կոլեկցիոները Ֆրանսիայից Պորտուգալիա տեղափոխվելուց առաջ փորձել է Ավինյոնում գտնվող հնաոճ իրերի խանութում վերավաճառել հրեշտակներին, երբ ֆրանսիական ոստիկանությունը դրանք նշել է որպես հնարավոր գողացված ապրանքներ:

Իտալիայի ոստիկանությունը հայտնել է, որ տերեւների եւ մրգերի որթով զարդարված հրեշտակները գողացվել են 1989թ․ դեկտեմբերի 13-ին՝ Նեապոլից հյուսիս-արեւելք գտնվող Գվարդիա Սանֆրամոնդիի Սուրբ Սեբաստիան եկեղեցուց: Ոստիկանությունը հայտնել է նաեւ, որ կոլեկցիոները չի իմաել հրեշտակների ծագման մասին եւ առաջարկել է դրանք առանց որեւէ դատական քննության վերադարձնել:

Դրանք Ֆրանսիայի դեսպանատանը կայացած արարողության ժամանակ պաշտոնապես Իտալիային են հանձնվել:

Կարաբիներները իրենց հայտարարության մեջ նշել են, որ այդ տարածքում գտնվող եկեղեցիները բազմաթիվ գողությունների են ենթարկվել այն բանից հետո, երբ 1980թ․ տեղի ունեցած երկրաշարժից Իտալիայի հարավում հսկայական տարածքներ գետնին են հավասարվել: