Եվրասիական զարգացման բանկն աշխատում է «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական զարգացման բանկի կոլեգիայի նախագահի տեղակալի խոսքով՝ հավելվածի մեկնարկային տարբերակը Ռուսաստանում կգործարկվի 2022 թվականին:

«ՌԴ տարածքում հավելվածի գործարկումը պայմանավորված է նրանով, որ ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտների հիմնական հոսքը, առաջին հերթին, ուղղվում է հենց Ռուսաստան: Բացի այդ, այս հարցը գտնվում է Ռուսաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Նրանք Ռուսաստանի Դաշնությունում միգրանտների տեղակայման հետ կապված բոլոր բիզնես գործընթացների թվայնացումը առաջնահերթ ծրագիր են համարում: Այդ իսկ պատճառով «Աշխատանք ԵԱՏՄ-ում» միջազգային հավելվածը առաջին հերթին ռուսական հատվածում կգործարկվի»,- պարզաբանել է Սարգսյանը:

Հավելվածի մշակումը, ինչպես նշել է ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահի տեղակալը, կավարտվի մինչեւ 2021 թվականի վերջը:

«Այսպիսով, արդեն 2022 թվականին ՌԴ ժամանող միգրանտները կկարողանան օգտվել թվային ծառայություններից: Հավելվածը թույլ կտա քաղաքացիներին, առանց իրենց երկրի սահմաններից դուրս գալու, աշխատանք գտնել Ռուսաստանում, ծանոթանալ աշխատանքային պայմաններին, պայմանավորվել գործատուի հետ, հեռակա կարգով լուծել բնակարանային հարցը, երեխաներին տեղավորել դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում, գրանցման, սոցիալական ապահովագրության, կյանքի ապահովագրության եւ այլ փուլեր անցնել: Այսինք՝ դա կլինի ծառայությունների մի ամբողջ շարք, որը մենք կտրամադրենք միգրանտներին» - ասել է Սարգսյանը: