Սենատորը, որը ղեկավարում է Կոնգրեսի հետաքննությունը, թե ինչպես է Բրազիլիան հաղթահարում COVID-19 համավարակը, առաջարկել է նախագահ Ժաիր Բոլսոնարուին մեղադրել սպանության մեջ՝ կառավարության ենթադրյալ սխալների համար, որոնք հազարավոր մարդկանց կյանք են խլել:

Բոլսոնարուն հետաքննությունը քաղաքականապես հիմնավորված է անվանել: Քիչ հավանական է, որ նա նմանատիպ մեղադրանքներով կանգնի դատարանի առջեւ, որոնք պետք է ներկայացվեն Բրազիլիայի՝  Բոլսոնարուի նշանակած գլխավոր դատախազի կողմից, նշում է Reuters-ը:

Մոտ 1200 էջանոց փաստաթուղթ, որը նախապատրաստել է ընդդիմադիր սենատոր Ռենան Կալհեյրոսը, պնդում է, որ Բոլսոնարուն հրաժարվել է կառավարության կողմից վաղ փուլում պատվաստանյութ ստանալու հնարավորությունից, ինչը հետաձգել է պատվաստումների արշավը Բրազիլիայում եւ սպանել մոտ 95.000 մարդու:

Զեկույցում նշվում է, որ Բոլսոնարուն առաջնորդվել է «բնական վարակի եւ բուժման առկայության հաշվին կոլեկտիվ իմունիտետի տեսության անհիմն համոզմունքով»:

Զեկույցի նախագիծը դեռ պետք է քվեարկություն անցնի Սենատի հանձնաժողովում, դրա վրա կարող է վետո դրվել: Քվեարկությունը նախատեսված է հաջորդ շաբաթ:

Բոլսոնարուն ավելի վաղ իր կողմնակիցներին ասել էր, որ հետաքննությունը «կատակ» է, եւ որ դա իրեն չի անհանգստացնում:

Զեկույցում ասվում է, որ մեղադրանքներ պետք է առաջադրվեն նաեւ Բոլսոնարուի երեք որդիների՝ սենատոր Ֆլավիոյին, դաշնային պատգամավոր Էդուարդոյի եւ քաղաքային խորհրդի անդամ Կառլոսի դեմ: Զեկույցը պնդում է, որ նրանք ապատեղեկատվություն են տարածում, որը խրախուսում է «համավարակի զսպմանն ուղղված սանիտարական միջոցների չկատարումը»:

Բրազիլիան աշխարհում երկրորդն է COVID-19-ից մահացածների թվով՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: Բոլսոնարուն լայնորեն քննադատության է ենթարկվել հանրային առողջապահության փորձագետների կողմից կարանտինին դեմ լինելու համար, հաճախ հրաժարվել է հասարակական վայրերում դիմակ կրելուց եւ պնդել, որ ինքը պատվաստված չէ:

Զեկույցում ասվում է, որ Բոլսոնարուն «կրում է հիմնական պատասխանատվությունը կառավարության հիմնական սխալների համար COVID-19 համավարակի ընթացքում», եւ որ նա գործել է հակառակ իր առողջապահության նախարարության խորհրդին՝ կողմ հանդես գալով չապացուցված բուժման կիրառմանը:

Ընդհանուր առմամբ, զեկույցը խորհուրդ է տալիս 13 քրեական գործ հարուցել Բոլսոնարուի դեմ, այդ թվում՝ Բրազիլիայի բնիկ բնակչության ցեղասպանության համար, գործողությունների, որոնք նրանց համայնքները խոցելի են դարձրել վիրուսի նկատմամբ: