Գեյթսի հիմնադրամը մինչեւ 120 մլն դոլար կտրամադրի ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ դեղամիջոցների արտադրության Merck & amp; Co Inc. ընկերության կողմից մշակված COVID-19-ի դեմ փորձարարական դեղամիջոցի համար: Գումարը կօգնի հիվանդության դեմ առաջին հակավիրուսային հաբերի մշակման եւ արտադրման ջանքերին, եթե հաստատվի կարգավորիչ մարմնի կողմից, հայտնում է Reuters-ը:

«Այսօրվա պարտավորությունը կապահովի խոստումնալից «մոլնուպիրավիր» դեղամիջոցի հասանելիությունն ավելի շատ մարդկանց համար, բայց սա դեռ պատմության վերջը չէ. մեզ այլ դոնորներ են անհրաժեշտ, այդ թվում՝ հիմնադրամներ եւ կառավարություններ՝ այն գործարկելու համար»,- հայտարարել է համանախագահ Մելինդա Ֆրենչ Գեյթսը:

Merck-ը գործընկեր Ridgeback Biotherapeutics-ի հետ հակավիրուսային հաբ է մշակում՝ ծանրության մեղմ եւ չափավոր աստիճանի կորոնավիրուսային վարակների բուժման համար, եւ այս ամիս դեղամիջոցը շտապ օգտագործելու թույլտվություն է խնդրել Միացյալ Նահանգներում: