Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը «Լուկօյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովի հետ քննարկել է Կասպից ծովում նախագծերի իրականացման հարցը։

Ինչպես տեղեկացնում է TDH պետական տեղեկատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն երկկողմ համագործակցության կարեւոր ուղղությունների վերաբերյալ։ Հանգամանալից քննարկման առարկա են դարձել  Կասպյան տարածաշրջանի ածխաջրածնային ռեսուրսների յուրացման հարցերը, որտեղ կարեւոր գործոն է իրավական նորմերի եւ միմյանց շահերի հարգման վրա հիմնված համաձայնեցված միջազգային փոխգործակցության հաստատումը։

Այս համատեքստում արգասավոր գործընկերության նոր հնարավորություններ է բացում ընթացիկ տարվա հունվարին ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը Թուրքմենստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ Կասպից ծովում «Dostluk» հանքավայրի ածխաջրածնային ռեսուրսների համատեղ հետախուզման, մշակման եւ յուրացման մասին։

Ալեքպերովը հաստատել է ռուսաստանցի գործընկերների մտադրությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալ Թուրքմենստանում իրականացվող մասշտաբային ճյուղային ծրագրերի իրականացմանը։

Փետրվարին TDH-ն տեղեկացրել էր, որ «Լուկօյլը» կարող է մասնակցել Կասպից ծովում «Dostluk» հանքավայրի մշակմանը։ Հունվարի 21-ին Թուրքմենստանը եւ Ադրբեջանը ստորագրել են միջկառավարական հուշագիր այդ հանքավայրի համատեղ հետախուզման եւ մշակման մասին։ Բաքվի աղբյուրների տվյալներով՝ հանքավայրը հայտնաբերվել է 1986թ. ադրբեջանցի երկրաբանների կողմից։ Առկա գնահատականներով՝ դրա պաշարները կարող են կազմել մոտ 50 մլն տոննա նավթ, նշում է ՏԱՍՍ-ը։