Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է բարձրանալ 20 դրամով (մոտ 4 ցենտ – խմբ.)՝ 1 խորանարդ մետրը մոտ 200 դրամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 20-ին ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նա պարզաբանեց, որ այս փոփոխությունն ամեն դեպքում չի վերաբերելու բնակչության սոցիալապես անապահով շերտերին (մոտ 100 հազար մարդ). նրանց համար սակագինը չի փոխվի, այսինքն՝ կլինի 1 խորանարդ մետրը 180 դրամի մակարդակի։

«Բնակչության մյուս շերտերի դեպքում մենք առաջարկում ենք սուբսիդավորման փոխարեն մտցնել կայուն քաղաքականություն 10 տարվա ընթացքում։ Դա նշանակում է, որ սակագինը կարող է տատանվել 1-2 դրամի սահմաններում»,- նշեց նա։

Հայտը, Բաղրամյանի խոսքով, տրվել է սակագինը 43 դրամ բարձրացնելու համար ամբողջ բնակչության համար։

Նկատառմանը, թե Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր չբարձրացնել կոմունալ ծառայությունների սակագները, պաշտոնյան, ասես ոչինչ չի եղել, պատասխանեց. «Սակագնի բարձրացումը մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում չէ»։