Մի շարք տեխնիկական կանոնակարգեր, որոնք ավելի վաղ նախատեսված էին ԵԱՏՄ  պայմանագրով, ինչպես նաեւ գործող օրենսդրությամբ, այլեւս չեն կիրառվի։ Ուստի, պահանջները եւ պայմանները, որոնք ներկայացված են վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերում, անհրաժեշտ է սահմանել այլ իրավական ակտերի շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 20-ին, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Էներգետիկայի եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ մտցնելու  օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ասաց վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։

Նրա խոսքով՝ հանրապետության օրենսդրության համապատասխան, պետական տեխնիկական վերահսկողության իրականացման, ինչպես նաեւ էներգետիկայի եւ էներգասպառման ոլորտում նորմալ գործունեություն ապահովելու համար կստեղծվեն անհրաժեշտ բոլոր իրավական հիմքերը։

Համեմատաբար կարճատեւ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։