Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով 20 օր է հացադուլի մեջ է բանտում, համաձայնել է ընդունել բժիշկների առաջարկած դեղամիջոցները՝ «ողջամտությունն ու աշխատունակությունը մինչեւ վերջ պահպանելու համար»: Այս մասին ասվում է Սաակաշվիլիի նամակում, որը հրապարակել է նրա փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

«Մինչ ես բանտարկված եմ, ոչ մի ձեւով սնունդ չեմ ընդունի, նույնիսկ պատրաստ եմ մահվան: Ընդ որում, ուզում եմ մինչեւ վերջ պահպանել իմ ողջամտությունն ու աշխատունակությունը, ուստի համաձայն եմ բժիշկների բժշկական միջամտությանը, ինչը կօգնի ինձ լինել գիտակից եւ, չնայած շատ սահմանափակ ձեւով, բայց, միեւնույն է, մասնակցել ընթացիկ գործընթացներին, որպեսզի Վրաստանին օգտակար լինեմ այնքան ժամանակ, որքան ի վիճակի եմ»,- գրել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահը շեշտել է, որ «լավատես է, քան երբեւէ», եւ կարծում է, որ հասարակությունը մոբիլիզացված է: «Իմ բոլոր քայլերը թելադրված էին մի հիմնական նպատակով՝ օգնել վրաց ժողովրդին դուրս գալ ճահճից: Իմ գալը կազմակերպվել էր այնպես, որ բախումներ չառաջացնի, եւ որեւէ մեկը չտուժի: Ես նաեւ կոչ եմ արել մյուսներին դադարեցնել հացադուլը, սովում եմ միայն ես՝ միայն մի պահանջով՝ դադարել օգտագործել արդարադատությունն անարդար քաղաքական հետապնդումների համար եւ վերադառնալ նորմալ ժողովրդավարական գործընթացի, որտեղ ժողովուրդը որոշումներ է կայացնում առանց պարտադրանքի եւ կեղծիքի»,- գրում է Սաակաշվիլին:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թբիլիսիի «Վիվամեդ» կլինիկայի աշխատակիցները առանձին հարկ են առանձնացնում նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի համար, ով այսօր կարող է տեղափոխվել Ռուսթավիի թիվ 12 բանտից:

Նախօրեին Սաակաշվիլիի բժիշկներ էին այցելել. խորհուրդ ստեղծվել էր Վրաստանի առողջապահության նախարարության կարգադրությամբ: Ավելի ուշ խորհուրդը հանդիպում անցկացրեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ եւ քաղաքական գործչին կանխարգելիչ հոսպիտալացում առաջարկեց:
Չնայած խորհրդի որոշմանը՝ հոսպիտալացման համար պահանջվում է անձամբ Սաակաշվիլիի հաստատումը:
Նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայից գաղտնի ժամանել էր Վրաստան եւ հոկտեմբերի 1-ին ձերբակալվել Թբիլիսիում: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում եւ այժմ գտնվում է Ռուսթավիի բանտում: Սաակաշվիլին իր կալանավորումն անօրինական է համարում, իրեն` քաղբանտարկյալ, իսկ մեղադրանքները՝ կեղծված: Ի նշան բողոքի՝ նա ձերբակալության օրը հացադուլ հայտարարեց: