Բացի Փայլասարից նաև Շիկահող, Սրաշեն, Ճակատեն հատվածում մենք նույնպես խնդիր ունենք, քանի որ ադրբեջանական զինված ուժերը, չհանդիպելով, թե՛ դիվանագիտական, թե՛ այլ դիմադրության քայլելով գալիս են առաջ և մենք, ենթադրաբար, շուտով կկորցնենք նաև Շիկահող գյուղի դիմացի բարձունքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Անդրադառնալով Տիգրան Ավինյանին՝ Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու մասին հարցին՝ Հակոբյանը հայտնեց, որ այդ մասին տեղեկություն չունի և իրեն թվում է, որ դա միայն մամուլի մտահղացումն է:

«Տիգրան Ավինյանը, ինչքան գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ  ղեկավարի կոմբինատը»,-ասաց պատգամավորը։

Ըստ Հակոբյանի՝ քանի որ բաժնեմասերի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, այդ պատճառով էլ տնօրենը պետք է նշանակվի հենց այդ ընկերության կողմից. «Տրամաբանությունը եւ օրենքը ասում է, որ եթե պետությունն ունի 15 տոկոս մասնաբաժին, ինքը կարող է ներկայացված լինի խորհրդում եւ 1-2 ոլորտներում որպես դիտորդ հետեւի»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, Հակոբյանը պատասխանեց. «Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է վտանգ է սպառնում, ցանկացած վտանգ ստանում է իր պատասխանը և այդպես էլ շարունակվելու է»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Պատգամավորը խոստացավ, որ երբ վերջնական պարզի, թե ինչ է կատարվել այդ ընկերությունում, անմիջապես ասուլիս կհրավիրի ու բոլոր հարցերին կանդրադառնա: