Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կառավարության որոշմամբ երկօրյա այցով գործուղվել է Մոսկվա։ Այստեղ սպասվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջկառավարական եռակողմ հանձնաժողովի հերթական հանդիպումը, հաղորդում է Factor.am-ը: 

Դեռ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում փոխվարչապետը հայտնել էր, որ օրակարգում տարածաշրջանում տրանսպորտային ուղիների վերաբացման հարցերն են։ «Որոշակի պատկերացումներ են ձևավորվել երկաթգծի մասով, նախնական համաձայնություն կա, որ ապաշրջափակումը պետք է իրականացվի ԱՊՀ երկրների կարգավորումների բազայի շրջանակներում։ Մենք պետք է քննարկենք ավտոճանապարհների հարցերը։ Հայաստանի առաջնահերթությունն է տրանսպորտային բոլոր ուղիների ամբողջական ապաշրջափակումը»,- ասել էր նա։

Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։