Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ երկրում «դելտա» շտամի նոր տարբերակ է տարածվում:

Ավելի վաղ Financial Times-ը՝ գիտնականներին հղումով գրել էր, որ AY.4.2-ը կարող է 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան «դելտան»: Եթե ​​այս տվյալները հաստատվեն, ապա այն կարող է ամենավարակիչը դառնալ վարակի տարածման սկզբից ի վեր: Ըստ փորձագետների՝ տարբերակը վերջերս է հայտնաբերվել եւ կարող է լինել Մեծ Բրիտանիայում COVID-19-ով հիվանդացության աճի պատճառը: AY.4.2-ն արդեն գրանցվել է երկրում վարակի դեպքերի 10 տոկոսի դեպքում, եւ դրա մասնաբաժինը բավականին արագ է աճում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թեեւ այս պահին պատճառ չկա ենթադրելու, որ AY.4.2- ն ավելի վտանգավոր է, հաջորդ տարբերակը, գուցե, ավելի վտանգավոր լինի: Մենք պետք է պատրաստ լինենք», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարարը:

Վերջերս Մեծ Բրիտանիայում կտրուկ ավելացել են ինչպես նոր հիվանդների, այնպես էլ COVID-19-ի հետ կապված մահերի թիվը, բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են հիվանդության հնարավոր ծանր ալիքի մասին եւ իշխանություններին կոչ են անում հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել։

Այժմ այնտեղ պատվաստվել է ավելի քան 45 միլիոն մարդ, ինչը կազմում է երկրի 12 տարեկանից բարձր բնակչության 79 տոկոսը: Նոր դեպքերի աճը մասնագետները բացատրում են նրանով, որ պատվաստումների վաղ փուլում պատվաստված մարդկանց իմունիտետն արդեն սկսում է թուլանալ։

Հուլիսի 19-ից Մեծ Բրիտանիան հանել է համավարակի հետ կապված բոլոր ներքին սահմանափակումները. այլեւս չի պահանջվում դիմակներ կրել եւ սոցիալական հեռավորություն պահպանել, իսկ աշխատողները կարող են գրասենյակներ վերադառնալ: Ընդ որում, իշխանությունները դեռ խորհուրդ էին տալիս պաշտպանության միջոցներ կրել մարդաշատ փակ վայրերում, օրինակ՝ տրանսպորտում, եւ օգտագործել NHS Covid-pass-ը՝ հաստատություններ մտնելու համար, ինչը հաստատում է պատվաստանյութի առկայությունը, ՊՇՌ-ի բացասական թեստ կամ հակամարմիններ:  

Սեպտեմբերի կեսերին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրապարակել է երկու պլան՝ աշուն/ձմեռ սեզոնին COVID-19-ի համավարակին արձագանքելու համար:

«Ա» պլանը ներառում է առաջին փուլում արդեն պատվաստվածների վերապատվաստումը` բնակչության առավել խոցելի խմբերի անձեռնմխելիությունը բարձրացնելու նպատակով: «Բ» պլանը ենթադրում է իրավիճակի անբարենպաստ զարգացման դեպքում նոր հակահամաճարակաբանական միջոցառումների ներդրում՝ COVID-19-ի դեմ պատվաստման պարտադիր վկայականների ներդրում, հասարակական տրանսպորտում եւ խանութներում դիմակների պարտադիր կրում: