ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մտահոգ է հիպերձայնային հրթիռներից, որոնք փորձարկում է Չինաստանը։

ԱՄՆ նախագահը չորեքշաբթի Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմակայանում, Փենսիլվանիայի նահանգ թռիչքից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։ Նրան հարց տրվեց այն մասին, թե անհանգստանում է արդյոք չինական հիպերձայնային հրթիռների առիթով։ «Այո»,- պատասխանել է Բայդենը։ Նա որեւէ լրացուցիչ մեկնաբանություն չի տվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNN-ին։

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, որն ավելի ուշ խոսել է լրագրողների հետ նախագահական ինքնաթիռում, հրաժարվել էր անմիջականորեն մեկնաբանել Չինաստանի փորձարկած հիպերձայնային հրթիռների մասին տեղեկությունները, բայց նշել էր, որ ընդհանուր առմամբ չինական նոր սպառազինությունների հարցը Վաշինգտոնը բարձրացրել է դիվանագիտական խողովակներով։ «Մենք, միեւնույն է, չենք մեկնաբանի որեւէ կոնկրետ տեղեկություն։ Իսկ եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա հստակ հասկացրել ենք, որ մտահոգ ենք ռազմական պոտենցիալից, որը շարունակում է ստեղծել Չինաստանը»,- ասել է նա։ «Ես կարծում եմ, որ նախագահի մեկնաբանությունները դա արտացոլել են»,- ավելացրել է Փսակին։ «Այնպես որ, մեր տեսակետը մնում է հենց այդպիսին, եւ մենք, իհարկե, այդ հարցը բարձրացրել ենք դիվանագիտական խողովակներով»,- տեղեկացրել է նա։

Հոկտեմբերի 16-ին բրիտանական Financial Times թերթը տեղեկացրել էր, որ Չինաստանը կրիչ հրթիռի օգնությամբ օգոստոսին իրականացրել էր պլանավորող հիպերձայնային թռչող սարքի արձակում, որը կարող է միջուկային զենք կրել։ ԱՄՆ եւ մի շարք ասիական երկրների կառավարական շրջանակների աղբյուրների տվյալներով՝ այդ սարքը պտտվել է Երկիր մոլորակի շուրջ ցածր ուղեծրով, բայց չի կարողացել խոցել առաջադրված թիրախը՝ անցնելով դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։ Փորձարկումը, ինչպես տեղեկացրել է պարբերականը, ուժեղ տպավորություն է գործլ Պենտագոնի վրա, քանի որ անսպասելիորեն ցուցադրել է ՉԺՀ զգալի հաջողությունները հիպերձայնային զենքի ստեղծման գործում։

ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր հերթին հոկտեմբերի 18-ին ավանդական ճեպազրույցում հայտարարել է, որ այս տարվա օգոստոսին Չինաստանը փորձարկել է ոչ թե սպառազինության նոր տեսակ, այլ տիեզերասարք։