Գլխավոր քարտուղարի գրասենյակը կարծում է, որ ՄԱԿ-ը պետք է հարմարվի աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։ Այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցին ասել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն այն մասին, թե ՄԱԿ-ը չի կարող արձագանքել մեր ժամանակի մարտահրավերներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես մեկնաբանություններ չունեմ: Մենք սովոր ենք այն մտքին, որ տարբեր կառավարություններ եւ առաջնորդներ կարող են ժամանակ առ ժամանակ քննադատել ՄԱԿ-ի գործելաոճը: Մենք ինքներս ենք գիտակցում աշխարհի փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունը»,- ասաց Հաքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի գործող համակարգը չի արձագանքում մեր ժամանակի մարտահրավերներին եւ դատապարտված է նոր ճգնաժամեր առաջացնելուն։