Ձկնորսը Միսուրի նահանգից (ԱՄՆ) Միսիսիպի գետում հազվագյուտ լոքո է բռնել՝ խայտաբղետ երանգներով եւ բաց թողել նրան, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով News Channel 8 հեռուստաալիքի կայքին։

Չեդ Հեսթերը ընկերոջ հետ գիշերային ձկնորսության էր գնացել եւ որսացել է հազվագյուտ երկնագույն լոքո։ Որպես խայծ նա օգտագործել է ծածան։

Նրա որսած ձուկը հազվագյուտ էր, քանի որ նրա վրա սպիտակ եւ սեւ բծեր կային։ Հեսթերն արագ լուսանկարել ու կշռել է ձկանը։ Ձուկը 16 կիլոգրամ քաշ ուներ։ Դրանից հետո նա ձկանը նորից բաց է թողել գետում։ «Այսպես այն կարող է տարածել իր գեները վայրի միջավայրում, եւ էլի ինչ-որ մեկը, գուցե, կարողանա որսալ նրան»,- ասել է ձկնորսը։

Հեսթերը նախատեսում է դիմել մասնագետների, որոնք կկարողանային ստեղծել իր որսած ձկան պատճենը, որպեսզի այն կախի իր հյուրասենյակի պատին։ Ամերիկացին մանուկ հասակից զբաղվում է ձկնորսությամբ, նրան ձկնորսություն սովորեցրել է հայրը։ Հեսթերն ասել է, որ ձկնորսությունն օգնում է իրեն թոթափվել խնդիրներից։

Խայտաբղետ երկնագույն լոքոները սովորականներից տարբերվում են նրանով, որ դրանց սպիտակ մաշկը ծածկված է բծերով։ Այս առանձնահատկությունը ձկներին ավելի խոցելի է դարձնում, քանի որ այդ երանգավորումն ավելի շատ է նկատելի գիշատիչների համար։ Այդ մուտացիան երկնագույն լոքոների մոտ հանդիպում է շատ հազվադեպ։ Ձկնորսության սիրահարները համարում են, որ խայտաբղետ երկնագույն լոքո բռնելը մեծ հաջողություն է։ Տասը հազար սովորական լոքոներին բաժին է ընկնում խայտաբղետ երկնագույն լոքոյի մեկ-երկու դեպք։

Երկնագույն լոքոները (Ictalurus furcatus)  հանդիպում են Հյուսիսային Ամերիկայում։ Այդ ձկները հասնում են մինչեւ 165 սանտիմետր երկարության եւ կշռում մինչեւ 68 կիլոգրամ։