Ընդհանուր գնաճը 8.9%-է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարությունում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք, իհարկե, շատ անհանգստացած ենք, որովհետև մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը։ Մենք պետք է փորձենք զսպել գնաճը։ Կենտրոնական բանկը ևս իր գործիքակազմը կիրառում է, բայց երբեմն այդ գործիքակազմը վնասում է տնտեսության մեր համար շատ կարևոր ճյուղերին, օրինակ՝ արտահանմանը։

Մենք կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում նաև ակնկալում ենք, որ կենտրոնական բանկը չի թողնի, որ տնտեսության շատ կարևոր ճյուղերը վտանգվեն։ Մենք անընդհատ կոնսուլտացիայի մեջ ենք մեր գործընկեր երկրների հետ։ Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ երկրների է վերաբերում, բայց նաև Ուկրաինային, որպեսզի մենք սպառողներին ապահովենք նորմալ գներով ապրանքներով»,-ասաց նա:

Քերոբյանի խոսքով, արտարժույթի փոխարժեքը վերջին մի քանի տարիների համեմատ ամենացածր կետում է և դա կառավարութանը և արտահանողներին անհանգստացնում է:

Նախարարը նկատեց, որ այս տարի կարտոֆիլի արտահանման ռեկորդ են խփել. «30 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել Հայաստանից։ Այդ թիվն անկախ Հայաստանի պատմության ընթացքում երբեք չի եղել։ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, հաղորդակից անոթներով միացած է մեր հետ նույն տնտեսական միության մեջ գտնվող երկրների հետ և եթե պահանջարկն այդ երկրներում աճում է, անպայման անդրադարձ է ունենում մեր տեղի արտանդրանքի գների վրա։