«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իշխող ՔՊ խմբակցության պատգամավորների հեղինակած նախագիծը «Հայաստան» խմբակցության անդամները խնդրահարույց են համարում։

«Գործ ունենք մի օրենսդրական նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում և մեր առաջին գնահատականն այն է, որ այն տեղեկատվության ազատությանը սպառնացող է», - ԱԺ-ում հրավիրած քննարկմանը հայտարարեց պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա խոսքով, այս նախագիծն էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությունը և տեղակատվության ազատության հետ կապված բավականին սահմանափակումներ է առաջացնում։

Լիլիթ Գալստյանն ասաց, թե նախագիծը, որն առնչվում է զանգվածային լրատվության հետ, ոչ միայն չի քննարկվել զանգվածային լրատվության հիմնական շահառուների՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների, գլխավոր խմբագիրների և փորձագետների կողմից, այլ նաև հանրային քննարկում չի անցել և դրվել է շրջանառության մեջ։

Նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել։

Նախագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը։