Հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Քննարկվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էր: Նա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթեւացմանը:

Համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը ենթակա է լիցենզավորման: Նշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափով, շրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափով, շրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով: Սակայն, հաշվի առնելով արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական ծանր հետեւանքները, նախաձեռնության հեղինակները նպատակահարմար են գտնում երկարաձգել առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը եւ նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:

ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, այն դրական եզրակացությամբ կներկայացվի առաջիկա լիագումար նիստին: