ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են սոխի հետ կապված սալմոնելոզի բռնկման մասին երկրի 37 նահանգներում, հիվանդացել է ավելի քան 650 մարդ, տեղեկացնում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) կայքը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նշվում է, որ բռնկումը կապված է Չիուաուայից (Մեքսիկա) ներմուծված թարմ կարմիր, սպիտակ եւ դեղին սոխի հետ։ Սոխի բաշխմամբ զբաղվել է ProSource Inc ընկերությունը, մատակարարումներն իրականացվել էին ռեստորաններին եւ մթերային խանութներին երկրի ամբողջ տարածքում։ ProSource Inc-ում նշել են, որ սոխ վերջին անգամ ներկրվել է օգոստոսի 27-ին, բայց, ինչպես նշել են CDC-ում, մթերքը դեռ կարող է պահված մնալ տներում եւ ձեռնարկություններում։

Այս առնչությամբ երկրի բնակիչներին նախազգուշացնում են չվաճառել, չգնել եւ չօգտագործել սոխ, եթե այն ներմուծված է Չիուաուայից եւ տարածվել է ProSource Inc-ի կողմից։ Նման նախազգուշացումներ գործում են առանց մակնշման եւ փաթեթավորման սոխի նկատմամբ, ինչը թույլ կտար պարզել, թե որտեղ է աճեցվել այն։

Իշխանությունները փորձում են պարզել, թե կապված է արդյոք բռնկումը որեւէ այլ սոխի եւ այլ մատակարարների հետ, ընդգծվում է հաղորդագրությունում։

Սալմոնելոզը վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը Salmonella մանրէներն են։ Ախտանշաններից են ջերմության բարձրացումը, փորացավը, լուծը եւ սրտխառնոցը։