Մենք շարունակում ենք ընթանալ պարտության հետեւանքները հաշվի առնելով, որոնք այս ամանակահատվածում, ցավոք, մեզ համար որեւէ բարենպաստ միջավայր չեն ստեղծել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նկատեց, որ այսօր էլ կա տեղեկատվության մեծ պաշար, որին որեւէ մեկը չի տիրապետում. «Տիրապետում են մի քանի անձնինք, որոնք այսօր ներկայացնում են իշխանությունը: Իրականում քողարկելով իրական տեղեկատվությունը, որը մեզ հարկավոր է հասկանալու համար եւ պտերազմի պատճառների, եւ պատերազմը ժամանակին չկանգնեցնելու եւ հետագայում նաեւ պատերազմական իրավիճակում որեւէ ձեւով չհաղթահարելու վերաբերյալ:

Ես մտավախություն ունեմ, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են: Ներկայումս արդեն նկատելի է, որ  իշխանությունը ոչ միայն քաղաքայկան տեղեկատվական առումով դրա համար անհրաժեշտ դաշտ պատրաստել է, այլ կարողացել է ճնշումների, ահաբեկումների միջոցով որոշ անձանց բերանները փակել եւ թույլ չտալ, որ խոսեն»,-ասաց նա:

Տիգրան Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ իրենց փնտրած շատ հարցերի պատասխան իրենք կարող են գտնել միայն այն ժամանակ, երբ ՀՀ-ում այս իշխանությունը չլինի. «Այս իշխանության պայմաններում ճշմարտությունն իմանալու հնարավորություն ուղղակի չունենք»:

Անդրադառնալով գերիների խնդրին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այն մարդիկ, որոնք այսօր պատասխանատու են մեր հայրենակիցների ճակատագրի համար, չափազանց վատ են աշխատում, չեն գործադրում առկա բոլոր հնարավորությունները»: