Facebook-ը գործարք է կնքել մի խումբ ֆրանսիացի հրատարակիչների հետ, որպեսզի վճարի նրանց լրատվական այն հոդվածներին համար, որոնց սոցիալական ցանցում հղում են անում օգտվողները, հայտնում է AP-ն:

Ընկերությունը հայտարարում է, որ լիցենզավորման համաձայնագիր է կնքել Alliance de la Presse d´Information Generale-ի հետ, որը ներկայացնում է 300 ֆրանսիացի հրատարակիչների՝ «ինտերնետում օգտվողների եւ Facebook-ում հրատարակիչների առցանց տեղեկատվության որակը բարելավելու համար»: Ֆինանսական պայմանները չեն բացահայտվում:

Facebook-ը նաեւ հայտնել է, որ հունվարին կգործարկի իր Facebook News արտադրանքի ֆրանսերեն տարբերակը, որտեղ խմբի հրատարակիչները կկարողանան տեղադրել իրենց «պատմությունները»:

Լիցենզավորման պայմանագիրը Եվրոպայում եւ այլ երկրներում իշխանությունների ավելի լայն ճնշման արդյունք է, որպեսզի ստիպեն Facebook-ին եւ այլ սոցիալական ցանցերին փոխհատուցել հրատարակիչներին բովանդակության համար: Կառավարություններն արձագանքում են լրատվամիջոցների այն բողոքներին, թե ինտերնետային ընկերությունները հարստանում են իրենց հաշվին՝ վաճառելով իրենց հրապարակումներին վերաբերող գովազդը՝ առանց եկամուտը կիսելու:

Ֆրանսիան Եվրամիության 27 երկրներից առաջինն էր, որը 2019 թվականին տվեց հեղինակային իրավունքի մասին հրահանգը, որը նախանշում է այն ուղիները, որոնցով հրատարակիչները եւ լրատվական ընկերությունները կարող են լիցենզավորման համաձայնագրեր կնքել առցանց հարթակների հետ: